Logo

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

14 / 11 / 2017
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ո՛չ միայն հայ մանկաբարձ-գինեկոլոգներ, այլեւ Ռուսաստանից ժամանած հեղինակավոր բժիշկներ: Գիտաժողովին հյուրերը ներկայացրեցին նշյալ հիվանդությունների դեպքում ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները: Այս առիթով հնարավորություն ունեցանք թեմային առչնվող առանձնազրույց ունենալ ո՛չ միայն մեր հայրենակից, այլ նաեւ ռուս բժիշկների հետ:

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն,
բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան

– Ի՞նչ հարցեր քննարկվեցին գիտաժողովի շրջանակում:

– Գիտաժողովը վերաբերում է մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին և դրանց հետևանք հանդիսացող արգանդի պարանոցի ախտաբանությանը:

Խնդրի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է դրանց տարածվածությամբ: Դասընթացի թեմայի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է վագինիտների և ցերվիցիտների մեծ հաճախությամբ: Ամբուլատոր օղակի բժիշկներին դիմած կանանց ավելի քան 80%-ը ներկայացնում է հեշտոցային արտադրության գանգատ, իսկ հիվանդանոցային գինեկոլոգիական օգնության դիմած ինֆեկցիոն- բորբոքային հիվանդությոններով կանանց առնվազն 60-65%-ի մոտ ախտորոշվում է վուլվովագինալ ինֆեկցիա:

Հղիության ախտաբանական ընթացքով կանանց մոտ նույնպես արձանագրվում է վուլվովագինալ ինֆեկցիա 50-60% դեպքերում:

Բ.գ.դ. Լեդինա Անտոնիա Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

– Ցերվիցիտներն ու վագինետներին առողջական ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:

– Ցերվիցիտները և վագինիտները վատթարացնում են արգանդի պարանոցի պաշտպանողական հատկությունները` նպաստելով միկրոօրգանիզմերի վերելակ տարածմանը և կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքները բավականին լուրջ են: Նույնիսկ դրանց մեկ էպիզոդի դեպքում անպտղության հաճախությունը տատանվում է 5-18% սահմաններում:

– Արգանդի պարանոցի վիճակի գնահատման, ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդներն ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում:

– Խնդրի պարագայում գնահատման, ախտորոշման եւ բուժման մեթոդները տարբեր են: Ժամանակակից ախտորոշման բազմազանության մեջ դժվար է ընտրություն կատարել, թե ախտորոշման ո՞ր մեթոդը կիրառել, ինչպիսի՞ զգայունություն եւ յուրահատկություն ունի յուրաքանչյուր մեթոդը: Գիտաժողովի շրջանակում տրվեցին այդ մեթոդների համեմատական բնութագրերը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարությունը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական բժիշկների համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ այն հնարավորություն է տալիս գիտության նոր ձեռքբերումները ներդնել գործնական բժշկության մեջ:

– Պատճառը բացահայտվա՞ծ է, թե ինչո՞ւ է հիվանդությունը տարածված:

– Երեւույթն աշխարհի բոլոր երկրներում է տարածված, ինչպես նաեւ` Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ այդ հիվանդություններն ընթանում են անախտանիշ: Պատճառները բազմաթիվ են՝ ինֆեկցիաներ, սեռավարակներ, օրգանիզմի իմունիտետի անկում: Կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կապված են սեռական վարքագծի, ինքնաբուժման ու տարբեր դեղորայքների ոչ ճիշտ օգտագործման հետ եւ այլն:

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

– Ժամանակին դիմել բժշկին, անցնել սկրինինգային հետազոտություններ: Այսօր մեր հանրապետության ամբուլատոր ծառայության օղակներում կանանց համար նախատեսված է արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն: Ցանկալի է, որ կանայք գիտակցեն իրենց առողջության կարեւորությունը:

ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենռ, Սեռավարակների և նեոպլազիաների Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն, բ.գ.դ. Լեդինա Անտոնիա

– Ցերվիցիտի բուժման, հսկողության և ռեաբիլիտացիային վերաբերող ի՞նչ նորություն եք ներկայացրել մասնագետներին:

– Էնդոցերվիցիտն ըստ ընթացքի լինում է սուր եւ քրոնիկական, ըստ բորբոքման տարածվածության՝ օջախային եւ տարածված:

Սովորաբար տարբերում են սուր ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ ու վագինիտ, եւ քրոնիկական ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ: Սուր ոչ սպեցիֆիկ ցերվիցիտին եւ վագինիտին հատուկ է լորձային եւ թարախային առատ արտադրությունը, հեշտոցում քորը, երբեմն` որովային ստորին հատվածի ցավերը: Հայելիներով զննելիս հեշտոցի պատերին եւ արգանդի պարանոցին դիտվում են կետավոր արյունազեղումներ, լորձաթաղանթի կարմրություն, այտուց: Ծանր դեպքերում կարող են լինել խոցեր: Քրոնիկական ցերվիցիտն ու վագինիտն ուղեկցվում են աննշան արտադրությամբ, արգանդի վզիկը լինում է աննշան այտուցված:Կանայք հաճախ ժամանակին չեն դիմում բժշկի և, մյուս կողմից, վերը նշված վիճակները միշտ չէ, որ ընթանում է ախտանիշներով:

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

Ներկա պայմաններում լաբորատոր հետազոտությունների շնորհիվ էկզոէնդոցերվիցիտների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում եւ ներառում է մանրադիտում, մանրէաբանական, բջջաբանական և գործիքային հետազոտություններ: Առհասարակ, հետազոտման տեսակները բազմաթիվ են: Ցերվիցիտի բուժման նպատակներն են՝ բորբոքման գործընթացի կասեցումը` ազդելով պատճառական գործոնների վրա, նախատրամադրող գործոնների վերացումը, զուգորդող հիվանդությունների բուժումը: Բուժման համար նախատեված է նաեւ դեղորայքայի օգտագործում, որը ներառում է հակամանրէային, հակատրիխոմոնադային, հակասնկային, հակախլամիդային եւ այլ միջոցներ:

ՌԴ ԱՆ «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող, ք.գ.թ. Իրինա Գալկինա

– Ի՞նչ հրատապ տեղեկատվություն կհաղորդեք մեր ընթերցողներին և մասնավորապես` գինեկոլոգներին:

– Հայտնի է, որ արգանդի վզիկը սեռական համակարգ հարուցիչների ներթափանցումից պաշտպանող կենսաբանական պատնեշներից է:

Ելնելով անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություններից, արգանդի վզիկը պաշտպանում է հարուցիչների ներթափանցումից վերարտադրողական համակարգի վերին հատվածներ: Նրա պաշտպանական մեխանիզմները խաթարվում են պարանոցի ծննդաբերական վնասվածքների, վիժումների, ախտորոշիչ միջամտությունների դեպքում, որոնց արդյունքում վարակն ազատ թափանցում է սեռական ուղիներ, ընդ որում, բորբոքական գործընթացը սկսվում է նախեւառաջ հենց էնդոէկզոցերվիցիտներով:

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

Էկզոցերվիքսի հիմնական գործառույթը պաշտպանությունն է: Ինչպես է դա տեղի ունենում: Պարանոցային խողովակը պատված է գլանաձեւ էպիթելով, որի վրա առկա են հատուկ հեղուկ արտադրող պարանոցային գեղձեր: Արտադրվող հեղուկի բնույթը փոխվում է ՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, իսկ խաթարումը բերում է հարուցիչների ներթափանցման: Կախված հարուցիչի տեսակից եւ թե որտեղ է ներդրվում, բորբոքումը զարգանում է էնդո կամ էկզոցերվիքսում, որից հետո հաջորդում են հետագա զարգացումներն ու բարդացումները: Ուստի ցանկացած գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Կանայք շատ ուշադիր պետք է լինեն իրենց առողջության նկատմամբ: Կանայք, հիմնականում չպատկերացնելով իրենց գինեկոլոգիական օրգանների նուրբ կառուցվածքը, չեն ընկալում հիվանդությունների բարդությունների հետեւանքները:

Գիտաժողովի մասնակիցներին ներկայացվեցին նաև վերարտադրողական համակարգի ինֆեկցիաների ախտորոշման տարբեր մեթոդների համեմատական բնութագրերը և սեռական համակարգի ստորին հատվածի տեղային բորբոքային գործընթացի գնահատման նոր ախտորոշիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: